|
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԸ
Ջերմուկը Հայաստանի այն գեղեցիկ անկյունն է, ուր նրան այցելության եկած յուրաքանչյուր ոք ակամայից անսահման բերկրանք ու երջանկություն է ապրում: Այստեղ` այս հրաշք-հեքիաթային բնության գրկում` ծաղիկ-ծաղկունքի աշխարհում, մարդը թեթև է շնչում, նրա սիրտը լցվում է խնդությամբ, լույսով, ջերմությամբ, արևով… Ամերիկահայ մեծատաղանդ գրող Վիլյամ Սարոյանը շատ էր սիրում Ջերմուկը և իր այցելություններից մեկի ժամանակ ասել է.
<<Հայաստան աշխարհը իսկական դրախտավայր է, իսկ նրա բարձր, երկնասլաց գահը Ջերմուկն է: Այստեղ առատ է լուսը, ջերմ է արևը… >>: Ով գեթ մեկ անգամ եղել է առողջարանային այս գողտրիկ քաղաքում, երբեք չի մոռանա նրա բուժիչ ու քաղցրահամ ջրերը, թավուտ անտառները, փառահեղ ջրվեժը, ալպիական ծաղիկների բույրը, Արփա գետի արծաթափայլը:
Բարո'վ գաք Ջերմուկ:
Ջերմուկը Ձեզ կդիմավորի սիրով ու արևով: ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում` Վայոց ձոր մարզի վարչական տարածքում` Արփա գետի վերին հոսանքում, Երևանից 173, իսկ երկաթուղու Երասխ կայարանից` 108 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից 2000-2080 մ է: Սարահարթը, որի վրա տեղավորված է առողջարան-քաղաքը, երեք կողմից շրջապատված է Վարդենիսի և Սյունյաց ալպիական փարթամ բուսականությամբ ու անտառապատ լեռներով, որոնց բարձրությունը հասնում է 2500-3000 մ: Քաղաքի միջով հոսում է Հանրապետության ջրառատ գետերից մեկը` Արփան, որը քաղաքը բաժանում է երկու մասի: Արփա գետը սկիզբ է առնում լեռնային աղբյուրներից, խորունկ կիրճով կիսում է գրեթե ամբողջ Վայոց լեռնապարը, իր մեջ առնելով բազմաթիվ գետակների ջրերը, և միանում է մայր Արաքսին: Արփա գետի մեջ է թափվում աղբյուրներից գոյացած Ջերմուկ գետակը, որն իր գետաբերանի մոտ առաջացրել է ավելի քան 84 մետր բարձրություն ունցող անկրկնելի հրացոլքով մի ջրվեժ, հազվագյուտ հետաքրքիր մի տեսարան, որն ավելի հմայիչ ու հեքիաթային է դարձնում քաղաքի համայնապատկերը: Ջերմուկի օդը բացարձակ մաքուր է` զերծ փոշուց, հագեցած ծաղիկների անուշ բուրմունքով: Քաղաքի կլիման տիպիկ լեռնային է: Ամառն այստեղ զով է, մեղմ եղանակով, ձմեռը` երկարատև, ձյունառատ, բայց պարզկա և ոչ սաստիկ ցուրտ, առանց քամիների օրերով: Ամենացուրտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը -8.1 է, ամենատաք ամսին սնդիկի սյունը ցույց է տալիս 14-16 աստիճան, բացարձակ առավելագույնը` 32, իսկ բացարձակ նվազագույնը` 35 աստիճան: Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 800մմ, մթնոլորտային ճնշումը հասնում է 600մմ-ի, իսկ արևափայլի տարեկան տևողությունը` 2300-2400 ժամի: Ջերմուկը ջրառատ վայր է: Արփայի և նրա աջակողմյան Ջերմուկ վտակից բացի քաղաքի տարածքում բխում են սառնորակ և տաք աղբյուրներ, որոնք օգտագործվում են խմելու համար: Սակայն Ջերմուկը հատկապես հայտնի է իր բուժիչ, թվով շուրջ 40 տաք, հարուստ բաղադրությամբ աղբյուրներով, որոնց ջերմությունը հասնում է 56-64 աստիճանի և բուժում է ամենազանազան հիվանդություններ: Արևոտ օրերի գերակշռությունը, անմահական բուժիչ ջրերը, կլիմայի մեղմությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթների հարստությունը, անտառապատ ու ծաղկառատ լինելը, օդի մաքրությունը, չափավոր խոնավությունը նպաստում են Ջերմուկն առաջնակարգ առողջարանային, ակտիվ հանգստի ու ամառանոցային ճանաչված քաղաք համարելուն: ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ Ջերմուկը` որպես բնակատեղի և հանգստավայր, նույնքան հին է, որքան Վայոց ձորի լեռնաշխարհը: Չնայած միջնադարյան հայ մատենագրության մեջ XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից Ջերմուկը հարկատու գյուղերի ցանկում մի անգամ է միայն հիշատակվում, սակայն այդ արձանագրությունը հավաստում է Ջերմուկ գավառի մյուս գյուղերի համեմատությամբ հին ու մեծ լինելու փաստը: Ջերմուկի տարածքում այսօր էլ պահպանվել են ամրոցի պարսպի փլատակները` անտաշ որձաքարերով ու առանց շաղախի, որը հատուկ է Սյունյաց աշխարհի ամրոցների հնագույն կառուցաձևերին, ոճերին ու եղանակներին: Ջերմուկի ամրոցը կառուցվել է Արտաշեսյան ժամանակաշրջանում, մ.թ.ա 189., իսկ գյուղը անհամեմատ ավելի վաղ շրջանում է հիմնադրվել: Ջերմուկի ջրերը զանազան հիվանդություններ բուժելու հուսալի միջոց են եղել անհիշելի ժամանակներից: Ըստ պատմական աղբյուրների`այն Սյունյաց գահերեց իշխանների ամառանոցն է եղել: Այդ է վկայում Սյունյաց Սոֆի իշխանուհու կողմից Ջերմուկի մոտ 936թ. ճարտարապետական հոյակերտ համալիրի` Գնդեվանքի կառուցումը: Այդ առթիվ իշխանուհին պատկերավոր է արտահայտել իր միտքը. <<ՙԱնակն մատանի էր Վայոց ձորը, ես շինեցի սա և իբրև ակն դրեցի վրան>>: Պատմական Ջերմուկը կառուցվել է Արշակունյաց տիրապետության օրոք /մ.թ. I դ./, այն եղել է Սյունյաց թագավորների և Օրբելյան իշխանատան ամառանոց-բուժավայրը: Վկայություններ կան այն մասին, որ, կտրելով լեռնային դժվարանց կածանները, կիրճերն ու ձորերը, մարդիկ այստեղ էին գալիս ձիերով ու ջորիներով և գետափնյա փոսորակներում, հանքային տաք ջրերում խմբերով լոգանք ընդունում: Հնում Ջերմուկի հանքային ջրերը բուժիչ նպատակներով օգտագործվելու մասին են վկայում քարաշեն լոգանքատեղերը: Այսօր էլ դրանցից մեկը պահպանվում է որպես պատմական հուշարձան և կոչվում է Պրիստավի լողավազան: Դարեր շարունակ Ջերմուկի անմահական բուժիչ ջրերը հոսել են աննպատակ ու անօգուտ: Հայոց երկրի վրա կատարված ասպատակությունները քայքայել են երկիրը, սրի քաշել մարդկանց, հրդեհել շենքերն ու այգիները, թալանել ունեցվածքը: Այս պայմաններում, բնականաբար, երկրի ծաղկման, կառուցապատման մասին խոսք լինել չէր կարող: 1830թ. Հայաստան է ժամանում ռուս ինժեներ-երկրաբան Վոսկոբոյնիկովը, որն սկսում է Ջերմուկի ընդերքի երկրաբանական, ջրերի բաղադրության և հատկությունների ուսումնասիրությունը: Նա իր` Ջերմուկի մասին հետազոտությունները 1831թ. տպագրում է <<Լեռնային հանդես>> ամսագրում, իսկ ավելի ուշ` 1855թ`<<Կովկասյան օրացույց>> ամսագրում: Վոսկոբոյնիկովի աշխատությունները առաջին գիտական խոսքն էին Ջերմուկի մասին: 1925-1935 թվականները վճռորոշ եղան առողջարանը մանրակրկիտ ուսումնասիրելու, նրա գործունեությունը պետական հիմքերի վրա դնելու իմաստով: Այստեղ եկան խոշոր մասնագետներից կազմված տարբեր հանձնաժողովներ, որոնց կազմում էին պրոֆեսորներ Լ.Հովհաննիսյանը, Մեդնիկյանը, Ա.Մելիք-Ադամյանը, առողջապահության այն ժամանակվա ժողկոմ Ղևոնդյանը, ինժեներ Ա.Այվազյանը, Ա.Ղամբարյանը և ուրիշներ: Ջերմուկ առողջարանի զարգացման պատմության մեջ կարևոր դեր են խաղացել նշանավոր կուրորտաբան-պրոֆեսորներ Վ.Ալեքսանդրովի, Ս.Նալբանդովի, Վ.Դիկի, Ա.Մելիք-Ադամյանի, Ա.Հակոբյանի և այլոց 1934 թվականի հանձնախմբի ժամանումը, որոնք հաստատեցին Ջերմուկի հանքային ջրերի բուժական անժխտելի կարևորությունը և տեղում առողջարան հիմնելու անհրաժեշտությունը: Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության ժողովրդական կոմիսարիատը 1936թ. Ջերմուկում սկսեց կառուցել առողջարանային առաջին շենքը, իսկ 1938թ. Արփայի ձորում լոգանքների ընդունման 12 տեղանոց շենքը: 1940թ. շահագործման հանձնվեց առաջին առողջարանը, և այսպիսով սկսվեց Ջերմուկ առողջարանի ակտիվ գործունեությունը: Հետագա տարիներին Ջերմուկ առողջարանի զարգացման, նրա հեռանկարներին առնչվող հարցերով զբաղվեցին Հայաստանի, ինչպես նաև միութենական կառավարությունները: 1945թ. ԽՍՀՄ կառավարական հանձնաժողովը նկատի ունենալով հանքային ջրերի բուժական բացառիկ արդյունավետությունը, խնդիր դրեց Ջերմուկը դարձնել միութենական նշանակության առողջարան: Անցան տասնամյակներ. Ջերմուկն անճանաչելիորեն փոխեց իր դեմքը. կառուցվեցին առողջարաններ, պոլիկլինիկաներ, հիվանդանոց, հանքային ջրերի ըմպելասրահ, հանքային ջրերի գործարան, լուսավորության, մանկական, կենցաղային սպասարկման հիմնարկներ և այլն: Ջերմուկը 1967 թվականի մարտի 24-ին դասվեց հանրապետական ենթակայության քաղաքաների շարքը, իսկ ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1970թ. օգոստոսի 28-ի որոշմամբ ստացավ համամիութենական նշանակության առողջարանի համարում: Այդ որոշումներից հետո աննախընթաց զարգացում է ապրել Ջերմուկ քաղաք-առողջարանը: Այսօր շատ են ընդարձակվել նրա տարածքի սահմանները, այն դարձել է հանրաճանաչ առողջարան-քաղաք: Մարդիկ գալիս են ամենազանազան քաղաքներից ու բնակավայրերից` բուժվելու և հանգստանալու: |
|


